Կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ 2007 թվականի մայիսի 3-ին Երևանի Պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում` Գրադարանի նախասրահում: Արարողությունը նվիրված էր Եվրոպայի օրվան, որը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին: Արարողությանը հրավիրվածների ցանկում էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, Արդարադատության նախարար և Կենտրոնի Խորհրդի նախագահ Դավիթ Հարությունյանը: ԵՄ պատվիրակությունը ներկայացնում էին Եվրոպական Հանձնաժողովի Վրաստանում և Հայաստանում հատուկ ներկայացուցիչ, դեսպան Փեր Էկլունդը, Հայաստանում ԵՄ դելեգացիայի ներկայացուցիչ Ռաուլ դե Լուզենբերգերը, ECEILAW ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը: Ներկա էին նաև այլ կառավարական մարմինների, միջազգային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և այլն բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը շնորհվեց ՀՀ վարչապետ` Սերժ Սարգսյանին: ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան, կենտրոնի Ղեկավար խորհրդի նախագահ Գագիկ Ղազինյանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և մնացած հյուրերին նկարագրեց Կենտրոնի հիմնական գործունեությունը, ներկայացրեց ծրագրերը և հիմնական նպատակները:
Դրանից հետո միջոցառման բոլոր մասնակիցների առջև իր ողջույնի խոսքով հանդես եկավ Կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:
Իրենց շնորհավորանքները և բարեմաղթանքները հայտնեցին նաև ECEILAW ծրագրի թիմի ղեկավար Յուրգեն Բինդերը, Հայաստանում և Վրաստանում Եվրոպական Հանձնաժողովի հատուկ ներկյացուցիչ Փեր Էկլունդը, Վարչապետ Սերժ Սարգսյանը և Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը:
Արարողության պաշտոնական մասին հետևեց ընդունելությունը Գրադարանի սրահում, որտեղ հյուրերը հնարավորություն ունեցան մտքեր փոխանակելու ոչ պաշտոնական միջավայրում:

