Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնը` Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության կողմից ստանալով “ԵՄ տեղեկատվական կենտրոնի” կարգավիճակ, իր առջեւ նպատակ է դրել բարձրացնել ՀՀ քաղաքացիների շրջանում ՀՀ եւ Եվրոպական ինտեգրացիոն կազմավորումների հետ ընթացող համագործակցության մասին իրազեկվածությունը եւ իրականացնել այս գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տարածում: Այս նպատակի իրականացման համար Կենտրոնը մշակել է “Եվրոպական կառույցների գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման եւ տեղեկատվության տարածման” ռազմավարություն: Այս ռազմավարության իրականացման նպատակով գործողությունների ծրագրի մշակման համար խնդիր էր առաջացել բացահայտել Եվրոպական ինտեգրման գործընթացների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը: Այդ նպատակով 2008 թ. նոյեմբերին Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի եւ սոցիոլոգիական հարցումներ իրականացնող “ԴԵՄՈՍ” հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով մայրաքաղաքի բնակչության շրջանում անցկացվել է սոցիոլոգիական հետազոտություն: Ստանդարտացված հարցազրույցի եղանակով իրականացված սոցիոլոգիական հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 603 մարդ: Հարցման արդյունքները վերլուծվել եւ տպագրվել են 2009 թ. ապրիլ ամսին: